Այդ արտահայտությունը, որ ես արել եմ, կատակով եմ արել. Քերոբյանը՝ հրաժարական տալու խոստման մասին
Պարոն Քերոբյան, ինձ հետաքրքրում է, թե դուք ինչպես եք վերաբերում այնպիսի անձնավորություններին, ովքեր մի բան խոստանում են, հետո հետ են կանգնում իրենց խոստումից: Այս մասին, այսօր՝ հունվարի 19-ին, ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը՝ դիմելով ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին:
Այնուհետև նա հեռախոսով միացրեց Վահան Քերոբյանի հարցազրույցներից մեկի ձայնը, որտեղ նախարարն ասում է. «Ինչ վերաբերում է հաջորդ տարվան, ապա ինձ չեմ ների, եթե երկնիշ տնտեսական աճ չստացվի»: Լրագրողին հարցին՝ ի՞նչ եք անելու, եթե երկնիշ տնտեսական աճ չապահովվի, Քերոբյանն ասում է. «Հրաժարական եմ տալու»:
Այնուհետև ընդդիմադիր պատգամավորը շարունակեց. «Պարոն Քերոբյան, այս մարդը խոստանում էր, որ եթե 2021 թվականին երկնիշ տնտեսական աճ չապահովի, ապա ինքը հրաժարական է տալու: Երկնիշ աճ՝ ապահովեց, բայց առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքատեսակների մասով, երկնիշ տնտեսական աճ չապահովեց, բայց այս մարդը, ով խոստանում էր հրաժարական կտա այդ դեպքում, հրաժարական չտվեց:
Հիմա ինձ հետաքրքիր է, թե ինչպե՞ս եք վերաբերում այս անձնավորությանը և հարց՝ ե՞րբ եք հրաժարական տալու:
Ուզում եմ ընդգծել, որ այսպիսի վարքագծով դուք տեր չեք կանգնում չէր խոսքին, զրոյացնում եք ձեր խոսքի արժեքը, զրոյացնում եք ձեր անձի հանդեպ վստահությունը՝ զրո»:
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ ԱԺ ամբիոնի մոտ հայտարարեց, որ երկնիշ տնտեսական աճ չապահովելու դեպքում հրաժարական տալու մասին իր հայտարարությունը կատակ էր:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը հարց ուղղեց Քերոբյանին. «Երբ եք հրաժարական տալու, ինչու հրաժարական չեք տալիս, պարոն Քերոբյան, թե՞ ձեր խոստումը մնացել է օրինակ, տնտեսության ակտիվության ցուցանիշի մեջ, այսինքն ըստ ձեր տրամաբանության, խցանման մեջ»:
Ի պատասխան նախարարն ասաց. «Ձայնագրությունը, որ դուք միացնում եք, կիսատ էԼ: Եթե բարի լինեք եւ միացնեք ամբողջ ձայնագրությունը, բոլորի համար պարզ կլինի, որ այդ արտահայտությունը, որ ես արել եմ, կատակով արված հայտարարություն է: Իհարկե, կարող եք ծիծաղել, դա ձեր իրավունքն է, որովհետեւ այն կոնտեքստը, որ ասվել է, դրան հաջորդել է արտահայտություն՝գո՞հ եք: Բայց ես ուրիշ հարց եմ ուզում տալ. Արդյոք դուք նույն պատվախնդրությամբ գնում ու թակում ենք Արժույթի միջազգային հիմանադրամի, Համաշխարհային բանկի, Ասիական զարգացման բանկի դռները, որոնք նույնպես կանխատեսումներ են արել ու վրիպել են շատ ավելի շատ, քան ես, քան մենք: Արդյոք ձեր գործողություններում տրամաբանական եք, հետեւողական եք բոլոր առումներով, թե՞ զվարճանում եք եւ ձեր արած հայտարարությունները ոչ մի կապ չունեն հայ ժողովրդի իսկական խնդիրների հետ»:
Արեգնազ Մանուկյանն էլ արձագանքեց. «Հասկանո՞ւմ եք, որ այսօպիսի պատասխաններից հետո, ձեր բոլոր խոսքերը փաստորեն ստիպված պետք է լինենք ընդունել կատակով: Այդ խոսքերը հանրությանմոտ ընդամենը կարող են հույս արթնացնել: Դուք այդ խոստումը տալով ստել եք»: