Ծովագյուղ և Սեմյոնովկա համայնքների համար այլընտրանքային լուծում չի քննարկվում, դրանք խոշորացվել են. խոսնակ
Ծովագյուղ և Սեմյոնովկա գյուղերը իրավաբանորեն համարվում են խոշորացված համայնքներ՝ Սևան համայնքի կազմում, որևէ այլընտրանքային լուծում այդ համայնքների մասով առհասարակ չի քննարկվում։Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասել է Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի մամուլի խոսնակ Սոնա Հարությունյանն՝ անդրադառնալով Ծովագյուղ եւ Սեմյոնովկա համայնքներին։
Նշենք, որ այս երկու գյուղերի բնակիչները դեմ էին խոշորացմանը և դեկտեմբերի 5–ին տեղի ունեցած Սևան խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններին չէին մասնակցել։
Բնակիչները սպասում են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության որոշմանը, որով պարզ կդառնա իրենց համայնքների ճակատագիրը։ Մինչդեռ նախարարությունից նշում են, որ այս համայնքների համար որեւէ այլընտրանքային լուծում չի քննարկվում։
Ինչ վերաբերում է համայնքապետարանների աշխատանքի պարալիզացմանը, ապա Սոնա Հարությունյանն ասաց.
«Ծովագյուղ եւ Սեմյոնովկա համայնքների բնականոն գործունեւությունը վերականգնելու իրավասությունը վերապահված է Սեւան խոշորացված համայնքին։ Նախարարությունն այս մասով մեծ հաշվով անելիք չունի»։