ՄԻԵԴ-ը «Փաշինյանն ընդդեմ Հայաստանի» գործով հարդարումներ է ուղարկել 2019թ-ին, բայց կառավարությունը չի առարկել․ իրավաբան
ՄԻԵԴ-ը «Փաշինյանն ընդդեմ Հայաստանի» գործով հարդարումներ է ուղարկել կառավարությանը 2019թ-ին, բայց գործադիրն առարկություններ չի ներկայացրել, ամեն ինչ առավել քան պարզ է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը՝ անդրադառնալով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից 2008թ․ նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցած բողոքի շարժմանը մասնակցելու համար Նիկոլ Փաշինյանի դատապարտման գործով կայացված որոշմանը։
«ՄԻԵԴ-ը ճանաչել է 2008-ի ընտրություններից հետո Փաշինյանի իրավունքների խախտումը:
Այսպես է լինում գրեթե բոլոր այն դեպքերում, երբ կառավարությունն առարկություններ չի ներկայացնում, իսկ ՄԻԵԴ-ը Փաշինյանն ընդդեմ Հայաստանի գործով կառավարությանը հարցադրումներ էր ուղարկել 2019 թվականի փետրվարին:
Ամեն բան առավել քան պարզ է»,- գրել է Հայրապետյանը:
ՄԻԵԴ-ն արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի հետևյալ խախտումները.
- 11-րդ հոդվածի խախտում՝ Հավաքների և միավորման ազատություն (Հոդված 11-1. Խաղաղ հավաքների ազատություն)
- 5-րդ հոդվածի խախտում՝ ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք իրավունք (հոդված 5-1՝ օրինական ձերբակալություն կամ կալանավորում)։
Հայաստանի գործող վարչապետը դրամական փոխհատուցման պահանջ չի ներկայացրել պետությանը:
Գործը վերաբերում է այն ժամանակ ընդդիմադիր գործիչ Փաշինյանի ազատազրկմանը, որը տեղի է ունեցել 2008 թվականի ընտրություններից հետո, երբ Փաշինյանը աջակցում էր նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանին։ Նա անազատության մեջ է պահվել 2009-ի հոկտեմբերից մինչև 2010 թվականի հունվարը։