Փոքր վնասներ ենք կրել, փլուզումներ չկան. Գևորգ Փարսյանը` Կապանում տեղի ունեցած երկրաշարժի մասին
Ինչպես արդեն նշել էինք, երեկ երկրաշարժ է գրանցվել Հայաստանում: Այն զգացվել է Սյունիքի, Վայոց ձորի մարզերում եւ Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքում:
«Խուճապն առավոտ էր մի պահ, զգալի ցնցվել է քաղաքում, բնակիչները վախեցել էին: Փոքր վնասներ կրել ենք, բայց փլուզումներ չկան, որոշ տեղերում պատերին ճաքեր են առաջացել»,-ասել է Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը:
Հիշեցնենք, որ հունվարի 16-ին, տեղական ժամանակով ժամը 07:25-ին գրանցվել է Սյունիքի մարզի Կապան քաղաքից 12 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4․3 մագնիտուդով երկրաշարժ: Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Կապան քաղաքում և մի շարք գյուղերում՝ 4-5 բալ ուժգնությամբ, Վայոց ձորի մարզի Վայք և Եղեգնաձոր քաղաքներում, Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքում` 3-4 բալ ուժգնությամբ: