Բլինքեն. Հյուսիսային Կորեայի հրթիռային փորձարկումները վտանգավոր են
Հյուսիսային Կորեայի հրթիռային փորձարկումները վտանգավոր են։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ հավելելով, որ Փհենյանը չի պատասխանել Վաշինգտոնի դիվանագիտական ոչ մի առաջարկի։
Բլինքենը MSNBC-ին տված հարցազրույցում ասել է, որ ԱՄՆ-ն հասկացրել է, որ Հյուսիսային Կորեայի նկատմամբ թշնամական մտադրություններ չունի եւ պատրաստ է բանակցել առանց նախապայմանների։ «Ցավոք, ոչ միայն արձագանք չեղավ այս նախաձեռնություններին, այլեւ պատասխանը, որը մենք տեսանք, հրթիռների փորձարկումների վերսկսումն էր, որը խորապես ապակայունացնող է, վտանգավոր եւ հակասում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մի շարք առաջարկություններին»,-ասել է Բլինքենը։ «Կարծում եմ՝ սա մասամբ Հյուսիսային Կորեայի ուշադրությունը գրավելու փորձ է»,-հավելել է նա՝ նշելով, որ դա նախկինում եւս արվել է։