Դանիան ռիսկի խմբերին կառաջարկի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի չորրորդ դեղաչափը
Դանիան խոցելի խմբերին կառաջարկի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի չորրորդ դեղաչափը, քանի որ երկրի համաճարակային իրավիճակը վատթարացել է օմիկրոնի շտամի արագ տարածման պատճառով, հայտնում է AP-ը։
Դանիայի առողջապահության նախարար Մագնուս Հոյնիկեն ասել է, որ առողջապահական մարմիններն առաջարկում են չորրորդ դեղաչափն «ամենախոցելի խմբերին», ինչպիսիք են թուլացած իմունային համակարգ ունեցողները:
Հոյնիկեն չի ասել, թե երբ կսկսվի չորրորդ դեղաչափը տարածվել 5,8 միլիոն բնակչություն ունեցող երկրում: Նա ընդգծել է, որ թեեւ օմիկրոնն ավելի քիչ վտանգավոր է, քան նախկինում գերակշռող դելտա շտամը, այն անվնաս չէ:
Դանիան հունվարի 16-ից կթուլացնի կորոնավիրուսի հետ կապված որոշ սահմանափակումներ, քանի որ օրենսդիրները պայմանավորվել են վերաբացել կինոթատրոնները, զվարճանքի կենտրոնները, թանգարանները, թատրոններն ու այլ վայրեր: Սահմանափակ թվով հանդիսատեսի մուտքը կթույլատրվի նաեւ փակ եւ բացօթյա սպորտային միջոցառումներին: