ՀՀ-ում խաղաղության բացակայությունը ձեռնտու է եղել այն մարդկանց, որոնք կոռուպցիոն համակարգ են ստեղծել. Քերոբյան
Կառավարությունն ամեն ինչ անում է, որ հաստատվի երկարատեւ խաղաղություն՝ Հայաստանի համար ընդունելի պայմաններով, որպեսզի կարողանան մտածել երկարաժամկետ աշխատանքի և ներդրումների մասին. այսօր ցանկացած ներդրող բավական կարճաժամկետ է մտածում, այսինքն 10 տարվա նախագծեր շատ քիչ կան, որ ներդրում անեն 10 տարի հետո արդյունք ստանալու համար: Այս մասին այսօր՝ հունվարի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Նա օրինակ բերեց Շվեյցաիան, որտեղ 600 տարի ոչ մի պատերազմ չի եղել եւ դրա շնորհիվ այդ երկրում շատ երկարաժամկետ նախագծեր են իրականացնում եւ մեծ արդյունքների հասնում:
«Եթե մենք խոսում ենք խաղաղության մասին, այդ խաղաղությունն ունի ունի շատ մեծ գին, եւ հայ ժողովուրդը 30 տարվա ընթացքում ամեն տարի վճարել է խաղաղության բացակայության գինը: Դրա պատճառով է, որ մենք ունենք ահռելի խնդիրներ կրթության մեջ, առողջապահության մեջ, ենթակառուցվածքներում: Խաղաղության բացակայությունը թույլ չի տվել, որ մեր երկիրը զարգանա այնպես, ինչպես խաղաղության մեջ ապրող մրցակից երկրները։ Մենք հասկանում ենք, որ հայ ժողովրդի բարեկեցությունը լավացնելու համար անհրաժեշտ պայման է երկարաժամկետ խաղաղության հաստատումը»,-ասաց նախարարը:
Քերոբյանը վստահություն հայտնեց, որ Հայաստանում խաղաղության բացակայությունը ձեռնտու է եղել այն մարդկանց, որոնք կոռուպցիոն համակարգ են ստեղծել ու կայացրել։
«Այդ մարդկանց ձեռնտու է եղել խաղաղության բացակայությունը, որովհետև դա է եղել իրենց իշխանության հենարանը։ Եվ այդ երկուսի արդյունքում մենք տեսնում ենք, թե ինչպիսի հյուծված ենթակառուցվածքներ, մարդկային կապիտալ մենք ունենք, որի վրա պետք է անգամներով ավելի շատ ներդրումներ անենք` որպես երկիր մրցունակ դաշտ վերադառնալու համար»,– ասաց Քերոբյանը։