Reuters. ԱՄՆ-ում վերջին օրվա ընթացքում գրանցվել է COVID-19-ով վարակման ավելի քան 1.13 միլիոն դեպք
Երկուշաբթի օրը՝ հունվարի 10-ին, ԱՄՆ-ում նոր կորոնավիրուսով վարակման ավելի քան 1.13 միլիոն դեպք է հայտնաբերվել։ Ըստ Reuters-ի՝ սա ռեկորդային օրական աճ է աշխարհի բոլոր երկրների շրջանում համավարակի սկզբից ի վեր:
Գործակալության տվյալներով՝ երկրի ոչ բոլոր նահանգներին է հաջողվել վերջին օրվա ընթացքում վարակման դեպքերի մասին տվյալներ հրապարակել, եւ վերջնական ցուցանիշը, ամենայն հավանականությամբ, նույնիսկ ավելի բարձր կլինի։ Նախորդ ռեկորդը գրանցվել էր հունվարի 4-ին, երբ ամերիկացի բժիշկները մեկ օրվա ընթացքում գրանցել էին կորոնավիրուսով վարակման ավելի քան 1 միլիոն դեպք օմիկրոնի շտամի տարածման պայմաններում։ Մինչ այս ռեկորդային ցուցանիշ էր գրանցվել դեկտեմբերի վերջին օրը, երբ փորձագետները կորոնավիրուսով վարակման շուրջ 590 հազար դեպք էին հայտնաբերել:
Բացի այդ, ըստ գործակալության վիճակագրության, COVID-19-ով հոսպիտալացված հիվանդների թիվը հասել է 132.646-ի՝ գերազանցելով նախորդ տարվա հունվարին գրանցված ռեկորդը՝ 132.051 հիվանդ։ Տվյալները կարող են չարտացոլել իրական իրավիճակը, քանի որ շատ ամերիկացիներ տանն են կորոնավիրուսի ախտորոշման թեստեր հանձնում եւ արդյունքների մասին առաջատար վիճակագրական գերատեսչություններին չեն հայտնում: