Եթե Հայաստանի իշխանությունը հեղափոխության արդյունք է, չի' նշանակում, թե պետք է փողոցներում գտնվող ղազախներին համերաշխություն հայտներ
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրառումներ է արել.
«Ինձ համար ընկալելի չեն այն դատողությունները, ըստ որոնց Հայաստանի պետական դիրքորոշումը ղազախստանյան իրադարձություններին պետք է համահունչ լիներ 2018-ի հայաստանյան իրադարձություններին։ Ներքին քաղաքականության և արտաքին քաղաքականության գործիքակազմերը բոլորովին տարբեր են, ուստի եթե Հայաստանի իշխանությունը հեղափոխության արդյունք է, չի' նշանակում, թե պետք է փողոցներում գտնվող ղազախներին համերաշխություն հայտներ։
Քաղաքական իմաստով չեմ ընկալում նաև նեղացկոտ դատողությունները, թե -այ, Ղազախստանը Ադրբեջանի շահերից է գործել այսքան ժամանակ, եկեք մենք էլ մի վատություն անենք։ Գուցե թե Ղազախստանի հետ հարաբերություններում այս «ժեստից» հետո ոչինչ չբարելավվի, դժվար է հիմա գնահատելը, բայց արտաքին հարաբերություններում «նեղացկոտությունը» ավելի շատ էմոցիա է, քան պետականամետ դիրքավորում։
Ակնհայտ է մեկ բան, որ ՀԱՊԿ նախագահության շրջանակներում Հայաստանը իր գործողությունները կոորդինացնում է Ռուսաստանի հետ, որի համար ղազախստանյան իրադարձությունները ունեն առաջնային կարևորություն։ Հակառակվել այս պրոցեսին, կամ գոնե դեմարշ իրականացնել Փաշինյանը կարող էր 2018-ին կամ 2019-ին։ 2022-ին նման «ճոխության» տեղ Հայաստանը չունի»։
Ավելի ուշ Դավիթ Խաժակյանը գրել է.
«Որպես նախորդ գրառմանս շարունակություն հիշեցնեմ, որ Հայաստանի բանակի մի ստորաբաժանում երկար տարիներ Աֆղանստանում խաղաղապահ առաքելություն էր իրականացնում՝ որպես Գերմանիայի զորկաազմի մաս։ Ակնհայտ է, որ Հայաստանի նպատակը քաղաքական էր, և մեղմ ասած ոչ այնքան խաղաղարարական։
Դա համարվում էր Հայաստանի արտաքին քաղաքականության բալանսի լավագույն դրսևորումը, հատկապես ռազմական համագործակցության մասով, երբ ՀԱՊԿ անդամ պետությունը ՆԱՏՕ-ի հետ ևս առնչություն ուներ»։