Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումները նաեւ տանն են կատարվում. Անահիտ Ավանեսյան
Հայաստանում մասնագետները կատարում են նաեւ տնային այցեր՝ պոլիկլինիկա կամ շրջիկ կետեր հաճախելու հետ դժվարություններ ունեցող մարդկանց տնային պայմաններում կորոնավիրուսի դեմ պատվաստելու համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նրա խոսքով՝ պատվաստումները հասանելի դարձնելու համար մի շարք վայրերում շրջիկ կետեր բացվել: Ավելին, կատարվում են տնային այցեր, որպեսզի հաշմանդամություն ունեցող եւ տեղաշարժվելու հետ խնդիրներ ունեցող մարդիկ եւս կարողանան պատվաստվել՝ տնային պայմաններում:
Ավանեսյանը նաեւ նշեց, որ ամբուլատորիայի թերապեւտը պետք է նաեւ իր պացիենտներին տեղեկատվություն տրամադրի պատվաստման բոլոր հասանելի տարբերակների մասին: Կարեւոր է նաեւ, որ նա տեղեկատվություն տրամադրի այն մասին, թե քրոնիկ որ հիվանդություններն են ռիսկի գործոն համարվում եւ ինչու է այդ հիվանդություններով պացիենտներին խորհուրդ տրվում պատվաստվել:
Մասնավորապես, պատվաստման համար հստակ ցուցում է համարվում շաքարային դիաբետը, որը նկատելիորեն բարձրացնում է կորոնավիրուսով վարակվելու դեպքում ծանր ընթացքի եւ մահվան ռիսկը: