Չինաստանը ԱՄՆ-ին եւ Ռուսաստանին կոչ է արել շարունակել միջուկային զինանոցի կրճատումը
Չինաստանը չափազանց կարեւոր քայլ է համարում Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի կողմից ՌՀՍ-3 (ռազմավարական հարձակողական սպառազինություններ) պայմանագրի շարունակումը, բայց կարծում է, որ դա բավական չէ, միջուկային երկու տերությունները պետք է շարունակեն միջուկային զինանոցների անշրջելի կրճատումը, երեքշաբթի ճեպազրույցում ասել է Չինաստանի ԱԳՆ սպառազինությունների վերահսկման դեպարտամենտի տնօրեն Ֆու Ցունը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Մենք ուշադրություն ենք դարձրել, որ Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը ռազմավարական երկխոսություն են վարում։ Նախ՝ կցանկանայի ասել, որ Չինաստանը ողջունում է ՌՀՍ-3-ի երկարացումը, ինչը չափազանց կարեւոր քայլ է, որին ԱՄՆ-ը Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք հակառակվում էր։ Երկրորդ՝ մենք չենք համարում, որ դա բավական է, որովհետեւ անգամ ՌՀՍ-3-ի երկարացումից հետո ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը ընդհանուր տնօրինում են Երկրի վրա գոյություն ունեցող միջուկային զենքի 90 տոկոսը»,- ասել է դիվանագետը ճեպազրույցում։
Նա ընդգծել է, որ միջազգային կոնսենսուսը նախկինի պես այն է, որ Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը պետք է շարունակեն կրճատել իրենց միջուկային զինանոցները անշրջելի եւ իրավաբանորեն պարտավորեցնող կերպով։