Բրազիլիայում անձրեւների հետեւանքով զոհերի թիվը հասել է 30-ի
Բաիա հյուսիսարեւելյան նահանգում հորդառատ անձրեւների հետեւանքով առաջացած ջրհեղեղների եւ սողանքների զոհերի թիվը հասել է 24-ի։ Այս մասին հայտնում է UOL պորտալը՝ վկայակոչելով տեղի փրկարար ծառայությունները։
Նահանգի 141 համայնքներից 132-ում արտակարգ իրավիճակ է հայտարարվել: Անձրեւների հետեւանքով տուժել է գրեթե 630 հազար մարդ, մոտ 54 հազարը ստիպված է եղել լքել իրենց տները, ավելի քան 37 հազար մարդ մնացել է անօթեւան, 434 մարդ վիրավորվել եւ վնասվածքներ է ստացել:
Ըստ կանխատեսումների՝ խոնավ օդային զանգվածները կշարունակեն շարժվել դեպի երկրի հարավ-արեւելք՝ դեպի Ռիո դե Ժանեյրո եւ Սան Պաուլո։ Այդպես, ուժգին անձրեւներն արդեն տեղացել են Մինաս Ժերայս նահանգի հյուսիսում՝ Բաիայի հետ հարեւանությամբ, որտեղ դեկտեմբերի սկզբից վեց մարդ է մահացել հորդառատ անձրեւների հետեւանքներից, 2 հազար մարդ մնացել է անօթեւան։ Արտակարգ իրավիճակներ են հայտարարվել 60 համայնքներում:
Հանրապետության հյուսիսային, կենտրոնական եւ հարավարեւելյան հատվածներում ամռանը (դեկտեմբերի վերջից մինչեւ մարտի վերջ) առատ տեղումները սեզոնային են եւ տարբեր աստիճանի ինտենսիվությամբ կրկնվում են ամեն տարի: Դրանք առաջանում են տաք խոնավ օդի տեղաշարժից Ամազոնի հասարակածային անտառներից հարավ-արեւելյան ուղղությամբ՝ դեպի Ատլանտյան օվկիանոս։ 2020 թվականի հունվարին երկրի հարավ-արեւելքում բնական աղետի հետեւանքով զոհվել է 66 մարդ։