Կա հավաքական կամք՝ թույլ չտալու թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից իրականացնելու միջանցքի գաղափարը. Օհանյան
Ադրբեջանի իշխանությունները, Ադրբեջանի միապետ Ալիևը շարունակում է ճնշումներ գործադրել ՀՀ իշխանությունների նկատմամբ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով Ալիեւի հայտարարությանը, ըստ որի պետք է Զանգեզուրի եւ Լաչինչ միջանցքները նույնական լինեն, եւ եթե Երեւանը պնդի, որ մաքսակետ տեղադրվի Զանգեզուրում, ապա իրենք էլ կպնդեն, որ մաքսակետ տեղադրվի Լաչինի միջանցքում:
«Որևէ կերպ չի կարելի կապել ճանապարհների ապաշրջափակման գաղափարը Լաչինի միջանցքի հետ: Սահմանազատման ու սահմանագծման թեմայով քննարկումներն ուղղված են դրան, որ որոշակի առումով աջակցություն լինի իշխանություններին: Ժողովրդի մեջ գոյություն ունի հավաքական կամք` թույլ չտալու միջանցքի գաղափարը թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից իրականացնելու», - նշեց նա:
Ընդդիմադիր պատգամավոի խոսքով` ապաշրջափակումը, առանց ստեղծված պայմանների, առանց ճշգրիտ ուսումնասիրությունների, մեծ վնաս է հասցնելու Հայաստանին ու Արցախին. «Ճանապարհների ապաշրջափակումը բերելու է Հայաստան խորը շրջափակման, տնտեսական ճնշման եւ նաեւ ժողովրդագրական պատկերի փոփոխության», - ընդգծեց Օհանյանը: