Ստեփան Գալստյանն առ այսօր որեւէ ցուցմունք չի տվել. պաշտպան
Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանն առ այսօր որևէ ցուցմունք չի տվել։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Հակոբ Մարտիրոսյանը՝ անդրադառնալով Դավիթ Տոնոյանի վերաբերյալ հարուցված քրեական գործով «ժողովուրդ» օրաթերթում հրապարակված տեղեկատվությանը, թե Ստեփան Գալստյանը նախաքննության ընթացքում ցուցմունք է տվել:
«Ես հանդիպել եմ պարոն Գալստյանի հետ եւ լիազորված եմ նրա անունից հայտարարելու, որ «ժողովուրդ» օրաթերթում տպագրված նյութը չի համապատասխանում օբյեկտիվ իրականությանը և բացարձակ սուտ է: Նախաքննության ընթացքում Ստեփան Գալստյանն առ այսօր որևէ ցուցմունք չի տվել:
Հայտնում եմ նաև, որ դեռևս 30-ը նոյեմբերի 2021 թվականին ես ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող հիշյալ գործով Ստեփան Գալստյանին բժշկական օգնության և անհրաժեշտ վիրահատական միջամտություններ իրականացնելու նպատակով ներկայացրել եմ միջնորդություն, որը նույն օրը բավարարվել է վարույթ իրականացնող մարմնի կողմից:
Ներկայումս ձեռնարկվում են միջոցներ համապատասխան նեղ մասնագիտական բժշկական հաստատությունում Գալստյանի բուժումն իրականացնելու նպատակով»– ասաց պաշտպանը։
Դավիթ Տոնոյանի գործով մեղադրյալ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալը ցուցմունք է տվել. «Ժողովուրդ»