«Հավերժական Հայաստան լինելու է». Թաթուլ Կրպեյանի դուստրը երդվեց հավատարիմ մնալ հոր դավանած սկզբունքներին
Այսօր Ազգային ժողովի հերթական նիստին ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց, որ պատգամավորական մանդատ է ստացել Ասպրամ Կրպեյանը՝ «Հայաստան» խմբակցության նոր պատգամավոր, ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի դուստրը` Ասպրամ Կրպեյանը:
Նա ասաց, թե հանուն ազատ ու անկախ Հայաստանի երդվում է հավատարիմ մնալ հոր դավանած սկզբունքներին ու անմնացորդ նվիրումին առ հայրենիք:
«Երդվում եմ կատարել 2020 թվականի նոյեմբերի 10-ի լուսադմեին Եռաբլուրում տված երդումը` հանուն պատմական արդարության, համազգային միասնության և արժանապատվության վերականգնման, քանզի չկա Հայաստան առանց Արցախ ու չկա Արցախ առանց Հայաստան: Հավերժական Հայաստան լինելու է», - հայտարարեց Ասպրամ Կրպեյանը:
Հիշեցնենք, որ նա փոխարինել է Դավիթ Սեդրակյանին, որն ավելի վաղ պատգամավորական մանդատը վայր էր դրել։