48-ամյա տղամարդը խաղալիքի մեջ թաքցրել էր կոկաին, մեթադոն ու առաքել Երևւան. նա կալանավորվել է. Ոստիկանություն
Նոյեմբերի 26-ին քրեական ոստիկանության ԹԱՇԴՊ վարչության ծառայողներն, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության ծառայողների հետ, մայրաքաղաքի Ամիրյան փողոցում հայտնաբերեցին ու մաքսանենգ ճանապարհով Հայաստան թմրամիջոցներ ներկրելու, պահելու և իրացնելու կասկածանքով, մեքենայով հանդերձ, բերման ենթարկեցին Երևանում բնակվող 50-ամյա մի տղամարդու։
Ոստիկանությունից հայտնում են, որ նրա ծանրոցից հայտնաբերվեցին 20 գրամից ավելի կոկաին ու 30 գրամից ավելի մեթադոն թմրամիջոցներ։ Դրանք թաքցված էին խաղալիքի մեջ։ Հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ԹԱՇԴՊ վարչության ծառայողները պարզեցին թմրամիջոցներն առաքողի ինքնությունը։
48-ամյա տղամարդը, որը բնակվում է արտերկրում, թմրամիջոցներով ծանրոցը Երևան առաքելուց հետո ինքն էլ եկել էր Երևան։ ԹԱՇԴՊ վարչության, ՊԵԿ ՄԴՊ վարչության, ինչպես և ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների համատեղ միջոցառման շնորհիվ նա ևս հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց։ 48-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել։ Նա կալանավորվել է։ Նախաքննությունը շարունակվում է։