Դեռ կան շինարարներ, որոնք նոր խողովակ ասվածը հասկանում են ներկած խողովակ. բավական խիստ կվարվենք. Սանոսյան

Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 2-ի նիստում որոշեց սուբենցիոն ծրագրերի շրջանակներում ՀՀ Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզպետարաններին գումար հատկացնել:
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ 36 համայնքներում թվով 40 ծրագրերի համար հատկացվում է կառավարության պահուստային ֆոնդից հատկացել շուրջ 885 մլն 178 հազար դրամ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց, թե որքանով են համոզված, որ սուբվենցիոն ծրագրերը պատշաճ որակով են իրականացվում:
Նախարարն էլ արձագանքեց, որ իրենց նախարարությունն ունի համապատասխան աշխատակիցներ, որոնք այցեր են կատարում համապատասխան շինհրապարակներ:
«Ցավոք սրտի, բավական դեպքեր ունենք, որտեղ կան նախագծային թերություններ, շինարարական թերություններ, ունենք դեպքեր, որոնք շտկելի են ու շինարարներին տրվում է ժամկետ, որ շտկեն: Այն նորմերը, որ նախանշված են ու չբավարարի, շինարարները չեն վճարվի: Ցավոք սրտի, մեր երկրում դեռ կան շինարարներ, որոնք նոր խողովակ ասվածը հասկանում են ներկած խողովակ: Մենք այսպիսի դեպքերը փորձում ենք թույլ չտալ ու բավական խիստ կվարվենք», - նշեց Սանոսյանը:
Փաշինյանն էլ հանձնարարեց, թե պետք է նաև մարզպետներն այցելեն շինհրապարակներ, դիտողություններ անեն: