Երևանում այսօր ևս մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են կազմակերպել ի աջակցություն Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի
Երևանում այսօր ևս մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա էին կազմակերպել ի աջակցություն Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի:
Ինչպես ավելի վաղ նշել էինք, այսօր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում ընթանում էր Առուշ Առուշանյանի գործով դատական նիստը, որը մտել է դատաքննության փուլ:
Այսօր բողոքի ակցիա էր տեղի ունենում նաև դատարանի Գորիսի նստավայրի մոտ:
Երեւանում ընթացող ակցիայի մասնակիցների ձեռքին կան պաստառներ. «Դիմադրեք, դատավորներ, մի վախեցեք», «Վերջ զանգովի արդարադատությանը», «Ազատություն քաղբանտրակյալներին»:
Ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ որեւէ իրավական հիմք չկա Առուշ Առուշանյանին կալանավորելու, դա տեղի է ունեցել բացառապես քաղաքական նպատակներով:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Առուշ Առուշանյանը կալանքի տակ է, նա մեղադրվում է համայնքի ընտրողներից առավելագույն քվեներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու անձնական և խմբային շահերից ելնելով, ԱԺ արտահերթ ընտրությունների (որին ինքը մասնակցում էր «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակով) նախընտրական քարոզարշավի ընթացքում ուղղակի դիտավորությամբ ծանր հանցագործություն նախապատրաստելու, այն է` ընտրություններին մասնակցելու և «Հայաստան» դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար երկու կամ ավելի ընտրողի կաշառք տալու մեջ:
Բացի այդ, ըստ մեղադրանքի, Առուշ Առուշանյանը Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանի միջոցով կազմակերպել է նույն բնակավայրի ընտրողներին 2021 թվականի հունիսի 20-ին նշանակված ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն և «Հայաստան» դաշինքի օգտին կողմ քվեարկելուն հարկադրելը:
Առուշանյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։