Չեխիայում նոր վարչապետ է նշանակվել
Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը վարչապետ է նշանակել աջակողմյան ազատական «Քաղաքացիական դեմոկրատական կուսակցության» (ՔԴԿ) նախագահ Պետր Ֆիալային: Այս մասին հայտնում է չեխական հեռուստատեսությունը։
Քանի որ պետության ղեկավարը վարակվել է կորոնավիրուսով և գտնվում է կարանտինում, երդման արարողության ժամանակ Զեմանին և Ֆիալային բաժանել է թափանցիկ պատ։ Միջոցառումը տեղի է ունեցել նախագահի նստավայրում։
Արարողությունից հետո Զեմանը Ֆիալայի հետ քննարկել է նոր կառավարություն ձևավորելու քայլերը։ Երկրի ղեկավարն ասել է, որ մինչև դեկտեմբերի 13-ը հանդիպումներ կանցկացնի նախարարների բոլոր թեկնածուների հետ, որից հետո կձևավորվի նախարարների կաբինետը։
Հոկտեմբերի 8-9-ը Չեխիայում անցկացվեցին խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքում հաղթանակ տարավ «Միասին» ազատական ուժերի կոալիցիան, այդ թվում՝«Քաղաքացիական դեմոկրատական կուսակցությունը», TOP 09 շարժումը և «Քրիստոնեա-դեմոկրատական շարժումը»։ Երկրորդ տեղը զբաղեցրել է ներկայումս իշխող կենտրոնամետ ANO շարժումը։
Նոյեմբերի 11-ին Չեխիայի կառավարությունը հրաժարական տվեց։