ԱՀԿ-ն հայտնել է Omicron շտամի ծագման վարկածը
Կորոնավիրուսի նոր տարբերակը՝ Omicron-ը (B.1.1.529), կարող էր հայտնվել իմունային անբավարարություն ունեցող անձի մոտ, ով ամբողջությամբ չի ապաքինվել վարակից: Այս վարկածը Financial Times-ին տված հարցազրույցում հնչեցրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր համաճարակաբան Մարիա Վան Կերխոֆը։
«Հայտնի չէ, թե որտեղից է առաջացել այս շտամը, բայց դիտարկվող վարկածներից մեկն այն է, որ այն կարող էր առաջանալ վարակված, իմունային անբավարարություն ունեցող հիվանդից, ով չի կարողացել ամբողջությամբ ապաքինվել վիրուսից և ում մարմնում վիրուսը զգալի չափով բազմացել է»,- ասել է ԱՀԿ-ի ներկայացուցիչը։
Omicron-ի հայտնվելու կապակցությամբ Վան Կերխովը կոչ է արել համաշխարհային հանրությանը չմեղադրել այն պետությանը, որտեղ առաջին անգամ հայտնաբերվել է շտամը։ Նա ավելացրել է, որ պետք է ավելի շատ թեստավորումներ և հետազոտություններ կատարել:
Հիշեցնենք, որ ԱՀԿ-ն ճանաչել է Omicron տեսակի կորոնավիրուսը որպես սպառնալիք աշխարհի համար, քանի որ այս շտամը արագորեն տարածվում է, և առկա պատվաստանյութերը կարող են անարդյունավետ լինել դրա դեմ։
Նոր շտամն արդեն գրանցվել է Բրիտանիայում, Գերմանիայում, Իտալիայում, աֆրիկյան մի շարք երկրներում: