Սոլոմոնյան կղզիներում հակակառավարական ցույցերի ավելի քան 100 մասնակից է ձերբակալվել
Սոլոմոնյան կղզիների մայրաքաղաք Հոնիարայում նոյեմբերի 24-ից անցկացվող հակակառավարական ցույցերի ավելի քան 100 մասնակից է ձերբակալվել՝ անկարգությունների և թալանի համար, հայտնում է TASS-ը՝ հղում անելով գլխավոր կոմիսարին։
Ձերբակալվածների նկատմամբ տարվում է քննություն, որի արդյունքում մեղադրանքներ կառաջադրվեն։
Նոյեմբերի 24-ին ցուցարարները փորձել էին գրոհով զավթել խորհրդարանի շենքն ու այրել այն։ Իրավապահների միջամտությունից հետո ցուցարարները լքել էին խորհրդարանի տարածքն ու սկսել թալան իրականացնել, այրել էին խանութները, դպրոցները և ոստիկանական բաժանմունքները։
Հայտնի է, որ ակցիան կազմակերպել ու գլխավորել էին Մալաիթա նահանգի բնակիչները, ովքեր մեղադրում են իշխանություններին տարածաշրջանը զարգացնել չցանկանալու և դրա տարածքում մի շարք լայնամասշտաբ նախագծերի իրականացումից հրաժարվելու մեջ։