«Հայաստան»․ այս պահին չկան անհրաժեշտ պայմաններ սահմանազատման և սահմանագծման գործընթաց սկսելու համար
Աճող սպառնալիքները մեզ բոլորիս ստիպում են ադեկվատ արձագանքել ստեղծված իրավիճակին։ Ակնհայտ է, որ այս պահին չկան անհրաժեշտ պայմաններ սահմանազատման եւ սահմանագծման գործընթաց սկսելու համար։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 25-ին, խորհրդարանական լսումների ընթացքում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
Նրա խոսքով՝ այսօրվա լսումների նպատակն է վերհանել սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի վաղաժամկետ իրականացման բոլոր սպառնալիքներն ու խնդիրները՝ առանց համապատասխան պայմաններ ստեղծելու, առանց խաղաղության հաստատման եւ իրավական հիմքերի առկայության եւ երկրում հաստատված իրավական նորմերի՝ Հայաստանի իշխանությունների կողմից կոպիտ խախտմամբ։
«Մեր նպատակն է նաեւ այս ամենը ներկայացնել հանրությանը, կանխել երկրի համար նման բացասական գործընթացները։ Սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի օրինականության հիմնական պայմանը միջազգային իրավունքի, ժողովրդավարության եւ մարդու իրավունքների նորմերի պահպանումն է»,-ընդգծեց Օհանյանը։
Ընդդիմադիրը հիշեցրեց, որ սահմանազատում սկսելու համար հակառակորդ երկրները պետք է հասնեն խաղաղության, ապահովեն դիվանագիտական հարաբերությունների պատշաճ մակարդակ եւ փոխադարձ վստահություն։ «Սահմանազատման գործընթացը պետք է իրականացնի երկու հարեւան երկրների կողմից ստեղծված խառը հանձնաժողովը։ Այս գործընթացը պետք է հիմնված լինի ազգային օրենսդրության եւ միջազգային փորձի վրա: Դրա հետ մեկտեղ պետք է հաշվի առնել նոր սահմանների ազդեցությունը տնտեսության, ինժեներական ենթակառուցվածքների, ինչպես նաեւ սահմանամերձ գյուղերի բնակիչների կենսագործունեության վրա»,-հավելեց Օհանյանը։