Սեուլը ցանկանում է «10 րոպեանոց քաղաք» ստեղծել
«15 րոպեանոց քաղաքի» գաղափարը, որտեղ բոլոր բնակիչները կարող են իրենց տներից քայլելով կամ հեծանվով 15 րոպեում հասնել աշխատավայրեր եւ հանգստի վայրեր, Covid-19-ի համավարակի ժամանակ զգալի աջակցություն է ստացել քաղաքաշինարարների շրջանում, հայտնել է CNN-ը։
Այժմ ճարտարապետներ մի խումբ ծրագրում է Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում ստեղծել ավելի հավակնոտ թաղամաս՝ «10 րոպեանոց քաղաք»:
Նախագիծը նպատակ ունի հին արդյունաբերական տարածքը փոխակերպել փոխկապակցված «խելացի» քաղաքի: 125 ակր տարածքը, որը միավորում է ութ բնակելի շենքերը աշխատանքային գրասենյակների եւ ուսումնական տարածքների հետ, նախատեսված է նաեւ զվարճանքի վայրերի, ֆիթնես կենտրոնների, լողավազանների եւ նույնիսկ քաղաքային հիդրոպոնիկ տնտեսություններ համար:
Hyundai Development Company-ի աջակցությամբ (անշարժ գույքի ընկերություն, որը պատկանում է նույնանուն ավտոարտադրողի կոնգլոմերատին) հոլանդական UNStudio ճարտարապետական ընկերության կողմից նախագծված շրջանը ամբողջովին ազատ է լինելու ավտոմեքենաներից: Նախագծի մամուլի հաղորդագրության մեջ ասվում է, որ «քաղաքի բոլոր հարմարությունները» լինելու են մարդկանց տներից 10 րոպե քայլելու հեռավորության վրա։
Ճարտարապետները նաեւ հայտարարել են, որ մաքուր էներգիա կարտադրվի տեղում, մինչդեռ ջրի օգտագործումը նվազեցնելու համար մշակվում են անձրեւաջրի հավաքման եւ պահպանման համակարգեր:
«15 րոպեանոց քաղաքի» հայեցակարգն առաջին անգամ առաջարկել է ակադեմիկոս Կառլոս Մորենոն 2016 թվականին, իսկ վերջերս տարածել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, ով վերջին նախընտրական քարոզարշավի ժամանակ առաջարկել է Ֆրանսիայի մայրաքաղաքը դարձնել «ville du quart d'heure»՝ 15 րոպեանոց քաղաք: