Դուք դեռ պետք է դատվեք այս և մի շարք հանցագործությունների համար. ընդդիմադիր և իշխանական պատգամավորնեը վիճել են
Որերորդ անգամ մանիպուլյացիաներ ու կեղծ տեղեկություններ եք տարածում, պարոն Քոչարյան, Դուք պետք է դատվեք դեռ, Դուք և Վահագն Ալեքսանյանը։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 23-ին,Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի արտահերթ նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
«Ձեր արտահայտության համար, թե «Հայաստան» դաշինքն է հրավիրել Ադրբեջանին, հենց հիմա պատասխան եմ պահանջում, հրապարակային հայտարարում եմ` Դուք դատվելու եք և ոչ միայն այս հանցագործության համար։ Պաշտոնապես դիմում եմ Դատախազությանը՝ անմիջապես հարուցել քրեական գործ և բացահայտել՝ ովքեր են դավաճանները, և ովքեր են Հայաստանը հասցրել այս վիճակին»,- ասաց Մինասյանը։
Վիճաբանություն սկսվեց «Հայաստան» խմբակցության պատգամավորների և հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի միջեւ, ինչից հետո «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արծվիկ Մինասյանը և Գեղամ Մանուկյանը լքեցին դահլիճը։
Ապա առանց ընդդիմադիր պատգամավորների քվեարկության դրվեց Պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում Արթուր Ղազինյանի թեկնածությանը հարցը, և 6 դեմ 0 կողմ և 0 ձեռնպահ ձայներով Արթուր Ղազինյանը 13-րդ անգամ չընտրվեց հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում։
Նշենք, որ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը այսօր՝ նոյեմբերի 23-ին, ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի նախաձեռնած արտահերթ նիստին մեկ րոպե լռությամբ հարգեց նախօրեին զոհված զինծառայողի հիշատակը։
Նշենք նաև, որ նոյեմբերի 22-ին՝ ժամը 18:10-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու հայկական դիրքերի ուղղությամբ, մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի հատվածում, ինչի հետեւանքով զինծառայողներից մեկը մահացու վիրավորվել է: Պարզվել է, որ դա 2002 թվականին ծնված ժամկետային զինծառայող, շարքային Սուրեն Սաֆարյանն է: