Չինաստանի իշխանությունները տուգանել են Alibaba-ին հակամենաշնորհային օրենքի խախտման համար
ՉԺՀ-ի շուկայի վերահսկողության գլխավոր պետական վարչությունը տուգանել է Alibaba-ին եւ երկրի մի շարք այլ խոշոր ընկերությունների՝ հակամենաշնորհային օրենքների խախտման համար։ Այս մասին ասվում է շաբաթ օրը կարգավորիչի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Վարչությունը նաեւ խախտումներ է հայտնաբերել Baidu վեբ ծառայությունների օպերատորի՝ Suning առաջատար մանրածախ առեւտրի եւ Tencent ներդրումային հոլդինգի հաշվետվություններում: Նրանք պետք է 500 հազար յուան (մոտ 78 հազար դոլար) տուգանք վճարեն։ Չինաստանի իշխանությունները վերջին շրջանում նման խախտումների 43 դեպք են գրանցել։
Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը, օգոստոսին ելույթ ունենալով բարեփոխումների համապարփակ խորացման հարցերով կուսակցական կոմիտեի նիստին, ասել էր, որ կառավարությունը կզսպի շուկայի մոնոպոլիզացումը եւ փոքր եւ միջին բիզնեսի շահերը պաշտպանելու քաղաքականություն կվարի։ Նրա խոսքով` Չինաստանի իրավասու պետական մարմինները պետք է նպաստեն երկրում սոցիալիստական տիպի շուկայական տնտեսության բարձր արդյունավետ մեխանիզմների ձեւավորմանը։