Հակասում է իսլամին. Պակիստանը չեղարկել է բռնաբարողների քիմիական ամորձատումը
Պակիստանը բռնաբարության դեմ պայքարի քրեական նոր օրենքից բացառել է այն կետը, որը թույլ էր տալիս քիմիական ամորձատումը որպես սերիական բռնաբարողների համար հնարավոր պատիժ, գրում է Dawn-ը:
«Մենք փոփոխություններ ենք կատարել քրեական օրենսգրքում և որոշել ենք, որ քիմիական ամորձատման մասին կետը կհանվի», - Իսլամաբադում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է օրենսդրության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի քարտուղար Մալիքի Բոհարին։
Որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ Իսլամական գաղափարախոսության խորհուրդը, կառավարական գործակալությունը, որն օրենքները մեկնաբանում է իսլամի տեսանկյունից, պարզել է, որ քիմիական ամորձատումը հակասում է իսլամին:
«Պակիստանի Սահմանադրության 227-րդ հոդվածը սահմանում է, որ երկրի բոլոր օրենքները պետք է համապատասխանեն Շարիաթին և Սուրբ Ղուրանին, ուստի մենք չենք կարող ընդունել որևէ օրենք, որը հակասում է այդ արժեքներին», - ասել է Բոհարին: