Դեմարկացիա և դելիմիտացիա արդեն արված է Գորիսից մինչև Իրանի սահման. Հրանտ Բագրատյան
Նիկոլ Փաշինյանի ասածների 80 տոկոսը սուտ է. այն, որ ասում են՝ դեմարկացիա եւ դելիմիտացիա, դա արված է Գորիսից մինչեւ Իրանի սահման, չէ որ արձանագրությունը, որը 2020-ի դեկտեմբերի 18-ին ստորագրել է Վաղարշակ Հարությունյանը, մենք արդեն ճանաչել ենք Գորիսից Կապան, ապա մինչեւ Շվանիձոր եղած սահմանը, որտեղ Ադրբեջանը սահմանի կեսը վերցրել է մեզնից: Այս մասին նոյեմբերի 18-ին, մամուլի ասուլիսի ժամանակ, նշել է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
«Թույլ եմ տալիս ասելու, որ դա չի համապատասխանում իրականությանը եւ Գորիս-Կապան, Կապան-Ճակատեն ճանապարհները 100 տոկոսով եղել է ՀՀ տարածքը: Թույլ եմ տալիս ասելու, որ այդ ճանապարհը կառուցվել է Քոչինյանի եւ Կարեն Դեմիրճյանի օրոք, այդ ճանապարհը կառուցելու համար արվել են հողահատկացումներ:
Այդ հողահատկացումներն արվել են Հայկական ԽՍՀ նախարարների խորհրդի կողմից, որին համաձայնություն է տվել Ադրբեջանը: Ոչ թե նրա համար, որ դա Ադրբեջանի հող է, այլ նրա համար, որ ճանապարհից ձախ սկսվում է Ադրբեջանը»,-ասել է Բագրատյանը՝ հավելելով, որ Փաշինյանը ստորագրել է, որ այդ ճանապարհի աջ կողմն էլ է Ադրբեջան, ձախն էլ: