Ադրբեջանի ուշքն ու միտքը Սիսիանի տարածքով երկու հատվածներն իրար կապելն է, որը Հայաստանը երկու կես կանի․ Գեղամ Նազարյան
Այսօր շատ երկրների ձեռնտու չէ, որ Սյունիքը հայտնվի ադրբեջանական օկուպացիայի ներքո։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 17-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։
«Մենք թուրքական ձեռագիր ենք տեսնում, նույն ձեռագիրն է, ինչ տեսանք Իրաքում, Սիրիայում, Կիպրոսում, այսինքն՝ խուլիգանական պահվածք, որից հետո աշխարհն արդեն հաշվի կնստի գործադրված ուժի հետ։ Բայց Թուրքիան չի հասկանում, որ Սյունիքում բազմաթիվ երկրների շահերի կիզակետն է՝ սկսած Չինաստան-Հնդկաստանից վերջացրած Իրան-Ռուսաստանով։ Այսօր շատ երկրների ձեռնտու չէ, որ Սյունիքը հայտնվի ադրբեջանական օկուպացիայի ներքո։ Եթե չլիներ Իրանի և Ռուսաստանի արձագանքը, մենք կբախվեինք շատ ավելի դաժան իրականության հետ։ Իրենք ոչ թե ճանապարհ են ուզում, այլ տարածք, որը կանցնի իրենց ամբողջական վերահսկողության ներքո, որից հետո Սյունիքն ամբողջովին կկտրվի Հայաստանի մյուս տարածքներից։ Շատերը, միջանցքի մասին խոսելով, կարծում են, որ Արաքսի ափով անցնող ճանապարհն է, որը Նախիջևանը կապում է Հորադիզին։ Իրականում Ադրբեջանի ուշքն ու միտքը Սիսիանի տարածքով երկու հատվածներն իրար կապելն է, որը Սյունիքը երկու կես կանի, Հայաստանը երկու կես կանի։ Այս ամենը չի բխում ոչ մեր, ոչ էլ Իրանի եւ Ռուսաստանի շահերից»,- նշեց Նազարյանը։