Քանի դեռ չկան դելիմիտացիայի բանակցություններ, վաղաժամ է խոսել, թե ինչ քարտեզներով է դա արվելու. ԱԳ փոխնախարար
Հարցը մի փոքր վաղաժամ է: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Վահե Գևորգյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ քարտեզներով է ՀՀ-ն մասնակցելու դեմարկացիայի վերաբերյալ բանակցություններին:
«Որպեսզի մենք խոսենք դեմարկացիայի բանակցությունների մասին, պետք է լինեն դելիմիտացիայի բանակցություններ: Քանի դեռ չկան դելիմիտացիայի բանակցություններ, խոսել, թե ինչ քարտեզներով, ինչ փաստաթղթերով ենք առաջնորդվում, խիստ վաղաժամ է: Երբ լինեն բանակցություններ, մենք այդ հարցերին կանդրադառնանք»,-ասաց նա:՚
Հարցին՝ ՀՀ-ն չի՞ հստակեցրել՝ մեզ համար որ քարտեզն է շահեկան, Գևորգյանն արձագանքեց, թե հրապարակային դաշտում քարտեզների, դեմարկացիայի այլ գործիքակազմի մասին խոսելու ժամանակը կգա, երբ կլինեն բանակցություններ:
Ճշտող հարցին՝ այսինքն՝ հստակեցված է, բայց չե՞ն բարձրաձայնում, ԱԳ փոխնախարարը պատասխանեց, թե ընդհանուր մոտեցումներ ձևավորում են ներքին քննարկումների ընթացքում. «Բայց այս պարագայում հանդես գալ մեր գործիքակազմի վերաբերյալ, երբ չկան բանակցություններ, կարծում եմ՝ վաղաժամ է»,-վերահաստատեց նա::
Դիտարկմանը, թե Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քննարկել են «3+3» ձևաչափը, և հարցին՝ ի՞նչ կերպ է տեղի ունեցել Փաշինյան-Ալիև քննարկումը, ԱԳ փոխնախարարն արձագանքեց, թե նման լուրերը իրականությանը չեն համապատասխանում: