Երևանի կենտրոնում՝ հերթական խմած վարորդը ավտոմեքենաների ջարդի հեղինակ. կա վիրավոր
Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ոչ սթափ վարորդի կողմից հերթական խոշոր ավտովթարն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:10-ի սահմաններում Երևանի բնակիչ, 23-ամյա Սամվել Հարությունյանը իր վարած Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենայով Բաղրամյան պողոտա-Իսահակյան փողոցի խաչմերուկում Բաղամյան պողոտայի թիվ 1 շենքի հարևանությամբ բախվել է Kia մակնիշի, այնունհետև ճանապարհին կայանված Mercedes GL մակնիշի, Toyota Camry, Nissan Teana, Honda G մակնիշի ավտոմեքենաներին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ս. Հարությունյանի ուղևոր, 25-ամյա Վահե Մկրտչյանը, ում ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատի և թիվ 18 փրկարարական ջոկատի փրկարարները, օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Բժիշկները տեղում օգնություն են ցուցաբերել նաև մի քանի քաղաքացիների, սակայն վերջիններս հրաժարվել են հիվանդանոց մեկնել, պատճառաբանելով, որ իրենց լավ են զգում: