Երևանի 3 այգիներում մեկնարկել է Շուշիի անունով փողոցի անվանակոչման ստորագրահավաքը. Նախաձեռնողը ՀՀԿ-ն է
Երևանի Ավան Առինջ թաղամասում «Սուրբ ընտանիք» հուշարձանի մոտ ՀՀԿ-ի երիտասարդական խորհուրդը ստորագրահավաք է կազմակերպել՝ Երեւանում Շուշիի փողոց անվանակոչելու համար:
Ստորագրահավաքը տեղի է ունենալու Երեւանի տարբեր վարչական շրջաններում:
ՀՀԿ երիտասարդական թեւի ղեկավար, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանի խոսքով, այս պահին երեք վարչական շրջաններում ստորագրահավաք են կազմակերպել, եւ այս գործընթացը կշարունակվի նաեւ այլ վարչական շրջաններում, այդ թվում նաեւ առցանց տարբերակով: «Հանրային քննարկումներ կկազմակերպվեն բացօթյա, այգիներում, որպեսզի մեր քաղաքացիները կարողանան իրենց կարծիքը հայտնել առաջարկվող պահանջի վերաբերյալ»,-ասաց նա:
«Մենք ուզում ենք այս խունտային ցույց տալ, որ իրենք փոքրամասնություն են, չեն արտահայտում ժողովրդի իրական կարծիքը մեր հայրենիքի վերբերյալ: Եթե հայրենիքի կորուստն իրենց համար նորմալ է, մեզ համար նորմալ չէ եւ մենք դրա հետ հաշտվելու մտադրություն չունենք»,-ասաց Մամիջանյանը: