Եթե Առուշանյանն այստեղ լիներ, հաղթանակը կնվիրեր պատերազմում նահատակված մեր տղաներին. Մենուա Հովսեփյան
«Եթե Առուշ Առուշանյանն այստեղ լիներ, այս հաղթանակը կնվիրեր պատերազմում նահատակված մեր տղաներին»,- ասել է Գորիսի փոխհամայնքապետ Մենուա Հովսեփյանը։
«Առուշ Առուշանյան» դաշինքից հայտնում են, որ Գորիս խոշորացված համայնքի 14 տեղամասի ամփոփ տվյալներով «Առուշ Առուշանյան» դաշինքը ստացել է 4256, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 2389, իսկ Հայ ազգային կոնգրեսը 140 ձայն։
Հիշեցնենք, որ ՏԻՄ ընտրություններին «Առուշ Առուշանյան» դաշինքի Գորիս խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածուն Գորիսի ներկայիս քաղաքապետ Առուշ Առուշանյանն է։ Նա Գորիսի քաղաքապետ է 2017 թվականի նոյեմբերի 5-ից՝ հաղթելով քաղաքապետի ընտրություններում։
Առուշ Առուշանյանը կալանավորված է 2021 թ. հուլիսի 16-ից: Գորիսի քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով:
«ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավար, «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 32-րդ համարը զբաղեցնող Ա.Ա.-ն, հիշյալ դաշինքի օգտին առավելագույն քվեներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու անձնական և խմբային շահերից ելնելով` նախապատրաստել է ծանր հանցագործություն, այն է` երկու և ավելի ընտրողի կաշառք տալը»,- այս մասին հայտնել են ՀՔԾ-ից: