Բժիշկները Սաակաշվիլիի հետ կհանդիպեն վերջինիս համաձայնության դեպքում
Վրաստանի առողջապահության նախարարությունը ստեղծել է բժիշկների խումբ, որը պետք է հետազոտի և վերահսկի Միխեիլ Սաակաշվիլիի առողջությունը:
Jnews.ge-ի հաղորդմամբ՝ այդ մասին Էկատերինե Տիկարաձեն հայտարարել է արդարադատության նախարարությունում կայացած ճեպազրույցի ժամանակ, որին մասնակցել են արդարադատության նախարարն ու հանրային պաշտպանը:
Առողջապահության նախարարի խոսքերով՝ բժիշկների խումբը Սաակաշվիլիի հետ կհանդիպի վերջինիս համաձայնությունը ստանալուց հետո:
Արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի խոսքերով՝ միջգերատեսչական համագործակցության շրջանակներում իրենք, անհրաժեշտության դեպքում, պարբերաբար միմյանց հետ տեղեկատվություն են փոխանակում:
«Բացի դրանից՝ հանրային պաշտպանին խնդրել են կանոնավոր կերպով վերահսկել իրավական իրավիճակը»,- ասել է Ռատի Բրեգաձեն:
Ըստ Նինո Լոմջարիայի՝ Միխեիլ Սաակաշվիլիի իրավական կարգավիճակը խախտվել է միայն մեկ անգամ այս փուլում, երբ նրա առողջության մասին տեղեկատվությունը տարածվել է առանց նրա թույլտվության:
«Կարևոր է, որ օբյեկտիվ և ժամանակին տեղեկատվություն տրամադրվի հանրությանը նրա վիճակի մասին, այնուամենայնիվ, դա պետք է արվի այնպես, որ կոպտորեն չխախտվեն նրա անձնական տվյալները»,- ասել է Լոմջարիան:
Նրա խոսքերով՝ կարևոր կլինի Միխեիլ Սաակաշվիլիի անձնական վստահությունը բժիշկների աշխատանքի նկատմամբ:
Հիշեցնենք, որ Միխեիլ Սաակաշվիլին ձերբակալվել է հոկտեմբերի 1-ին: