Հնդիկ տղամարդը, ով կոբրայով եւ իժով սպանել է կնոջը, ցմահ ազատազրկման է դատապարտվել
Հնդիկ տղամարդը, ով կոբրայով եւ իժով սպանել է կնոջը, ցմահ ազատազրկման է դատապարտվել, հայտնել է AFP-ն:
Դատախազության տվյալներով՝ Սուրաջ Կումարը կնոջ՝ Ուտրայի վրա է արձակել մի իժ, որի խայթոցի հետեւանքով կինը գրեթե երկու ամիս հոսպիտալացված է եղել: Մինչ նա ապաքինվում էր ծնողների տանը, 28-ամյա ամուսինը կոբրա է գցել քնած կնոջ մոտ, որի թունավոր խայթոցից 25-ամյա կինը մահացել է: Սուրաջն իրեն մեղավոր չի ճանաչել:
Ուտրան հարուստ ընտանիքից էր, սակայն ամուսինը, ով բանկի աշխատակից է, այդքան էլ հարուստ չէր: Կնոջ ծնողների մոտ կասկածներ են առաջացել այն բանից հետո, երբ Սուրաջը կնոջ մահից հետո փորձել է տիրել վերջինիս ունեցվածքին: Ամուսինները մեծ օժիտ են ստացել՝ ներառյալ նոր մեքենա եւ 500.000 ռուփի (մոտ 20.000 դոլար):
Ըստ ԶԼՄ-ների հրապարակումների՝ Սուրաջի ընտանիքին մեղադրանք է ներկայացվել այն բանից հետո, երբ սպանությունից մի քանի օր անց Սուրաջի տնից ոչ հեռու հողում թաղված հայտնաբերվել է Ուտրայի ոսկիների մի մասը: