Վուչիչը խոստացել է պաշտպանել Կոսովոյի սերբերին
Կոսովոյի և Մետոխիայի հյուսիսում տասնյակ մարդիկ են վիրավորվել՝ ապրանքների մաքսանենգության դեմ պայքարի շրջանակում Կոսովոյի ոստիկանության և աշխարհազորայինների հատուկջոկատայինների իրականացրած գործողության հետևանքով: Ոստիկանները ներխուժել են մի շարք մանրածախ խանութներ՝ փաստաթղթերը ստուգելու համար:
Քաղաքում բնակվող հարյուրավոր էթնիկ սերբեր դուրս են եկել փողոցներ և փակել երթևեկությունը: Ամբոխը ցրելու համար իրավապահ մարմինների աշխատակիցներն արցունքաբեր գազ և ցնցող նռնակներ են կիրառել: Միջադեպը Սերբիայի և ԵՄ-ի բուռն արձագանքն է հարուցել՝ գրում է Euronews-ը:
«Հյուսիսային Կոսովոյում բռնի միջադեպերը պետք է անհապաղ դադարեցվեն»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության խոսնակ Ժոզեպ Բորելը: «Բոլոր բաց հարցերը պետք է լուծվեն երկխոսության միջոցով՝ ԵՄ աջակցությամբ: Մենք կապի մեջ ենք Բելգրադի և Պրիշտինայի հետ»,- ասել է նա:
Բելգրադը Պրիշտինային մեղադրել է ճգնաժամը դիտավորյալ սրելու համար և կոչ է արել Կոսովոյի սերբերին՝ «պահպանել հանգստություն ու չտրվել սադրանքներին»:
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ Բելգրադը ՆԱՏՕ-ի հովանու ներքո գտնվող KFOR կոնտինգենտից կպահանջի պաշտպանել Կոսովոյի սերբերին, սակայն մերժման դեպքում ինքը կդիմի որոշակի քայլերի: