Հայաստանում բանջարեղեն աճեցնող արցախցի տեղահանվածները փող են ստանում
Արցախից տեղահանվածները, որոնք Հայաստանի տարածքում զբաղվում են բանջարեղեն աճեցնելով, 1 հեկտարի հաշվով ստանում են փոխհատուցում 200 հազար դրամի (ավելի քան 400 դոլար՝ խմբ.) չափով։ Այս մասին հոկտեմբերի 13-ին «Օկուպացված Հադրութը՝ մեկ տարի անց. խնդիրներ եւ մարտահրավերներ» թեմայով քննարկման ժամանակ ասել է Հայաստանում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի աշխատանքների համակարգող Միքայել Վիրաբյանը:
«Այդ փողերն ուղղվում են հողի վարձակալման վճարմանը։ Ծրագիրն իրականացվում է Արցախի կառավարության կողմից եւ լուծում է սեզոնային զբաղվածության խնդիրը»,- ավելացրել է նա։
Վիրաբյանը նշել է, որ 121 հայտից բավարարվել է 109-ը։
«Ծրագրի շրջանակում Արցախից տեղահանվածները Հայաստանում մշակել են 380 հեկտար հող։ Նրանց վճարվել է ավելի քան 75 մլն դրամ»,- նշել է նա։
Պաշտոնյան հիշեցրել է Արցախից տեղահանվածների զբաղվածության խնդրի լուծմանն ուղղված ծրագրերի մասին։
«Առաջին ծրագիրը վերաբերում է վերապատրաստման եռամսյա դասընթացին, որի ընթացքում շահառուները կստանան ամիսը 100 հազարական դրամ։ Երկրորդ ծրագիրը կապված է հասարակական աշխատանքների հետ՝ աշխատանքի ամենօրյա վարձատրմամբ մոտ 6000 դրամի չափով։ Ընդ որում՝ այս երկու ծրագրերով դիմած ավելի քան 3800 քաղաքացիներից աշխատանքի է տեղավորվել մոտ 500 մարդ։ 2000 մարդ գրանցվել է գործազուրկների ցուցակում։ Տնտեսվարող սուբյեկտների հետ համագործակցությամբ հաջողվել է աշխատանքի տեղավորել եւս 300 մարդու։ Մյուսներն ընդհանրապես հրաժարվել են մասնակցել ծրագրերին»,- ընդգծել է պաշտոնյան։