Պաշտոնյա․ սեպտեմբերից դեկտեմբեր ամիսներին Արցախից տեղահանվածները կշարունակեն ֆինանսական աջակցություն ստանալ
Սեպտեմբերից դեկտեմբեր ամիսներին Արցախից տեղահանվածները կշարունակեն ֆինանսական աջակցություն ստանալ՝ 25 հազարական դրամ։ Այս մասին «Օկուպացված Հադրութը, մեկ տարի անց. Խնդիրներ եւ մարտահրավերներ» թեմայով քննարկման ժամանակ ասաց Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը:
«Այս ծրագրի շրջանակում 1-ին եւ 2-րդ խմբերի անչափահասներն ու հաշմանդամները կստանան յուրաքանչյուրը 50 հազար դրամ»,-ավելացրեց պաշտոնյան:
Նա նշեց սոցիալ-տնտեսական խնդիրների իրականացման կարեւորությունը: «Այդ նպատակով Արցախում իրականացվում է մի քանի հազար բնակարանների եւ 3 հազար տան շինարարության ծրագիր: Բացի այդ, 2022 թվականին տեղի կունենա մարդահամար, որի հիման վրա կմշակվի զարգացման ռազմավարություն: Այս ռազմավարությունը կիրականացվի 2023 թվականին»,-ընդգծեց Խաչատրյանը: