Ռուս զինվորականները Տաջիկստանում անցկացվելիք «Էշելոն» զորավարժությունների ժամանակ կկիրառեն Սիրիայում և Լեռնային Ղարաբաղում ձեռք բերած փորձը
Սիրիայում և Լեռնային Ղարաբաղում ձեռք բերված մարտական փորձը կներդրվի ռուս խաղաղապահների գործողությունների հիմքում ՀԱՊԿ հավաքական ուժերի նյութատեխնիկական ապահովման միջոցներով և ուժերով իրականացվելիք «Էշելոն-2021» հատուկ զորավարժությունների ժամանակ: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասել է Կենտրոնական ռազմական շրջանի փոխհրամանատար, գեներալ-լեյտենանտ Ալեքսեյ Լեմյակինը:
Լեմյակինի խոսքով՝ ստորաբաժանումներն ուսումնամարտական առաջադրանքներ են կատարում հավաքվող ենթակառուցվածքների, տեխնիկայի վերալիցքավորման դաշտային կետերի տեղակայման, մարտի դաշտից վնասված զրահամեքենաների տարհանման, նյութական միջոցների, զինամթեքրի մատակարարման և տեխնիկական ապահովման այլ գործառույթների շուրջ:
Գործողություններին ներգրավվելու է ավելի քան 500 զինվորական Բելառուսից, Ղազախստանից, Ռուսաստանից և Տաջիկստանից:
Հոկտեմբերին Տաջիկստանի տարածքում՝ Աֆղանստանի հետ սահմանի մոտակայքում, համատեղ զորավարժություններ կանցկացվեն ՀԱՊԿ անդամ երկրների զորակազմերի մասնակցությամբ: «Փոխգործակցություն», «Որոնում» և «Էշելոն» ուսումնավարժանքներին կներգրավվի ավելի քան 2700 զինծառայող: «Էշելոն» խորագրով զորավարժությունը կանցկացվի հոկտեմբերի 18-23-ը: