Bloomberg. Էրդողանը կփորձի համոզել Բայդենին՝ թույլ տալ Անկարային ամերիկյան ռազմական ինքնաթիռներ գնել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցանկանում է օգտագործել G20-ի գագաթաժողովը, որպեսզի համոզի իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենին` թույլ տալ Անկարային գնել ամերիկյան ռազմական ինքնաթիռներ` իր կողմից ռուսական С-400-ներ գնելուց հետո Թուրքիայի հետ խոշոր ռազմական գործարքներին ԱՄՆ-ի դիմադրությունը հաղթահարելու շրջանակներում, Հաղորդում է Bloomberg-ը:
Անկարան անցյալ ամիս պաշտոնական հարցում էր ուղարկել Միացյալ Նահանգներին` 40 նոր F-16 Block 70 ինքնաթիռ եւ Lockheed Martin կորպորացիայից իր F-16-երի արդիականացման գրեթե 80 փաթեթ սարքավորումներ ձեռք բերելու համար, հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով երկու թուրք պաշտոնյաների:
Ըստ պաշտոնյաների՝ պոտենցիալ 6 միլիարդ դոլար արժողությամբ գործարքը դժվար կլինի շահել՝ հաշվի առնելով Թուրքիայի կողմից С-400-ների ձեռքբերման վերաբերյալ Կոնգրեսի առարկությունները եւ այդ համակարգերից հրաժարվելու Անկարայի մերժումը։
Էրդողանն ակնկալում է հանդիպել Բայդենի հետ G-20-ի գագաթաժողովի ընթացքում, որը տեղի կունենա այս ամսվա վերջին, հաղորդում է Bloomberg-ը՝ չնայած նման հանդիպման մասին հայտարարություն չկա:
Անկարան ձգտում է ապահովել ՆԱՏՕ-ի պահանջներին համապատասխանող ինքնաթիռների անվտանգության ապահովումը, անանունության պայմանով Bloomberg-ին հայտնել են աղբյուրները:
Երկիրը ձգտում է արդիականացնել իր ռազմաօդային ուժերը այն բանից հետո, երբ նրան արգելվեց հինգերորդ սերնդի F-35 Lightning II անտեսանելի կործանիչների գնումը: