«Քաղցած մնացող մարդը կես կիլոգրամ մեղր չի ուտում». Վրաստանի վարչապետը մեկնաբանել է Սաակաշվիլիի հացադուլը
Քաղցած մնացող մարդը կես կիլոգրամ մեղր չի ուտում, ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ մեկնաբանելով նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակը, գրում է newsgeorgia.ge-ն:
Նախորդ երեկոյան նախկին նախագահի անձնական բժիշկ Նիկոլոզ Կիպշիձեն ասել էր, որ Սաակաշվիլիի առողջական վիճակը վատթարացել է, և հացադուլը, արյան հիվանդության՝ թալասեմիայի ֆոնին, կարող է նրան սպանել:
Մինչդեռ, բանտի ղեկավարությունը հայտնել է, որ բանտարկյալի առողջությունը նորմալ է, և նա գտնվում է բժշկական անձնակազմի մշտական հսկողության ներքո:
«Երբ մարդը հայտարարում է, որ սոված է, ուրեմն չպետք է կես կիլոգրամ մեղր ուտի, և ես դա հայտարարում եմ ամենայն պատասխանատվությամբ ... Նա անձամբ գնել է յոթ տարա մեղր՝ օգտագործելով իր բանկային քարտը և կերել է կես կիլոգրամ մեղր: Դրանից ելնելով՝ դադարեք ստել և մոլորեցնել հասարակությանը: Այս կրկեսը և շոուն, որ մենք տեսել ենք, վերջին ժամանակահատվածում ծառայում է միայն մեկ նպատակի, և սա բանտարկյալ Սաակաշվիլիի անձնական խնդիրն է, քանի որ նրանք գիտեն, որ պարտվելու են երկրորդ փուլում, և փորձում են ինչ-որ կերպ բարձրացնել ջերմաստիճանը և հասարակությանը ցույց են տալիս իբր բանտարկյալ Սաակաշվիլին ծանր հիվանդ է», - լրագրողներին ասել է Ղարիբաշվիլին: