Ռումինիան ԵՄ տարածքում պատվաստումների ամենացածր ցուցանիշն ունեցող երկիրն է
Եվրամիության բնակչության 72,4 %-ն ամբողջությամբ պատվաստված է, սակայն ԵՄ տարածքում ևս պատվաստումների թիվը տատանվում է: Երկրների մեծ մասում պատվաստումների թիվը 90%-ից ավելի է (Մալթա, Պորտուգալիա, Իսլանդիա, Ֆրանսիա), իսկ օրինակ` Ռումինիան Եվրամիությունում պատվաստումների ամենացածր ցուցանիշն ունեցող երկրներից է` ընդամենը 33.9%-ը:
Ցուցանիշների տարբերությունը կապվում է մի շարք երկրներում ապատեղեկատվության, սոցցանցերում հակապատվաստումային արշավների և, ընդհանուր առմամբ, պատվաստանյութերի հանդեպ անվստահության հետ:
ՀՀ Առողջապահության նախարարությունը վկայակոչելով Reuters-ի տվյալները, հայտնում է, որ Ռումինիայում քիչ չեն այն մարդիկ, ովքեր համավարակի երեք ալիքների ընթացքում COVID-19-ով չեն վարակվել` եզրակացնելով, թե բավականին առողջ են վարակին դիմակայելու համար:
Դրա հետևանքով, այս պահին Ռումինիայում ինտենսիվ թերապիայի կարիք ունի 1040 պացիենտ, մեկ շաբաթվա ընթացքում վարակման դեպքերն աճել են կրկնակի, և ծավալված մահճակալներն այլևս չեն հերիքում COVID-19-ով վարակված պացիենտների համար:
Ի դեպ, Ռումինիայում վարակման նման տեմպը կապված է նրա հետ, որ բժշկական և ուսուցչական անձնակազմի 40%-ը մինչ օրս պատվաստված չի եղել, իսկ պաշտոնյաները չէին կիրառում պատվաստման պարտադիր պահանջ: