Էլ թաքունը ո՞րն է, եթե Էրդողանից ենք իմանում, որ ՀՀ վարչապետը փորձում է իր հետ հանդիպել․ Արամ Վարդևանյան
ՍԴ-ն հստակ ամրագրել է, որ համայնքների խոշորացումը պետք է իրականացնել երկու պարտադիր պայմանների դեպքում։ Առաջինը փոքր համայնքների դեպքում լսվելու իրավունքն է, երկրորդը տեղական հանրաքվեն է։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդանյանը։
«ՍԴ որոշումը ցինիկաբար խախտվում է և այդ որոշումը չկատարելը հանցանք է։ Այսօր ԱԺ նիստերի դահլիճում սղագրությամբ ֆիքսվեց, որ այս պրոցեսը իրենից ներկայացնում է հանցանք, որի հետևանքները իրենք կրելու են»,– ասաց նա։
Վարդևանյանը նշեց, որ ԱԺ պատգամավորների 1/5-ի ստորագրությունները առկա են առողջապահության նախարարի օգոստոսի 26-ի հրամանի վերաբերյալ, որով դիմելու են ՍԴ` խնդրելով կասեցնել այդ հրամանի գործունեությունը։
«Պատվաստումները կարևոր են, սակայն դրանք յուրաքանչյուր անձի գիտակցված որոշման արդյունքը պետք է լինեն»,– նկատեց նա։
Անդրադառնալով կալանքի տակ գտնվող Արմեն Չարչյանի առողջական վիճակին՝ Վարդևանյանը նշեց, որ վիճակը շատ ծանր է, ինսուլինի այն դոզան, որ նա ստանում է, անհանգստացնող բարձր չափի է։
Վարդևանյանն անդրադարձավ նաև Փաշինյան-Էրդողան միջնորդավորված շփումների մասին տեղեկությանը` շեշտելով. «Մենք գտնվում ենք այնպիսի պայմաններում, երբ խոսում են նրա մասին, որ ՀՀ-ում ժողովրդից որևէ թաքուն պրոցեսներ չպետք է տեղի ունենան։ Բա էդ թաքունը, ո՞րն է, եթե խոսում ենք Թուրքիայի միջազգային հանցագործ նախագահ Էրդողանի հայտարարության մասին, որ ՀՀ վարչապետը փորձում է իրենց հետ հանդիպումներ ունենալ։ Սա ևս մեկ անգամ ապացուցում է, թե ինչ բան է պոպուլիզմը»։