«Եկեք չմոռանանք դժվար օրերը, որոնց միջով միասին ենք անցել և նայենք դեպի ապագա». Ջասթին Թրյուդոյի կուսակցությունը հաղթանակ է տարել Կանադայի արտահերթ խորհրդարանական ընտրություններում
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի կուսակցությունը հաղթել է երկրում կայացած խորհրդարանական ընտրություններում: Այս մասին հայտնում է BBC News-ը՝ ներկայացնելով Թրյուդոյի ելույթը:
«Մենք բոլորս այնքան շատ ենք աշխատել անցյալ շաբաթների ընթացքում և վերջին մի քանի տարիներին: Եվ այնքան բանի ենք հասել: Եկեք չմոռանանք անցած ճանապարհն ու դժվար օրերը, որոնց միջով միասին ենք անցել: Եվ եկեք նայենք դեպի ապագա և այն ամենին, ինչին դեռ հասնելու ենք և կառուցելու ենք միասին: Եկեք աշխատենք միասին և իրականացնենք նոր օրվա խոստումները»,- ասել է երկրի առաջնորդը ելույթ ունենալով Մոնրեալում:
Թրյուդոն շնորահակալություն է հայտնել քաղաքական մրցակիցներին՝ «կարևոր պահի մասնակիցը լինելու համար»:
Ընդդիմադիր Պահպանողական կուսակցության առաջնորդ Էրին Օ'Թուլը, իր հերթին, շնորհավորել է Թրյուդոյին հաղթանակի կապակցությամբ:
Վերջինս ընդգծել է, որ թեև Թրյուդոյի կուսակցությունը հաղթանակ է տարել ընտրություններում, չի ստացել մեծամասնությունը օրենդիր մարմնի ստորին պալատում:
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում Լիբերալ կուսակցությունը հաղթել է 156 շրջանում և ստացել ընտրողների ձայների 31,8 տոկոսը: Պահպանողական կուսակցությունը հաղթանակ է տարել 121 շրջանում՝ ստանալով ձայների 34,1 տոկոսը: