ԱԳ փոխնախարար Վահե Գևորգյանն ընդունել է Ֆրանսիա-Արցախ բարեկամական խմբի պատվիրակությանը
Սեպտեմբերի 17-ին ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանն ընդունել է Ֆրանսիա-Արցախ բարեկամական խմբի պատվիրակությանը:
Վահե Գևորգյանը բարձր է գնահատել Ֆրանսիա-Արցախ բարեկամական խմբի գործունեությունը, շնորհակալություն հայտնել Արցախի ու արցախահայության կողքին մշտապես լինելու, ինչպես նաև պատերազմի ընթացքում և դրան հաջորդած շրջանում արցախահայությանն աջակցելու համար։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության և խաղաղության հարցերին: Այս համատեքստում Վահե Գևորգյանը պատվիրակության անդամների ուշադրությունը հրավիրել է 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակին՝ շեշտելով նաև Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց շուտափույթ ու անվերապահ հայրենադարձման անհրաժեշտությունը, արցախահայության առջև ծառացած սոցիալ-տնտեսական խնդիրները:
Վահե Գևորգյանը հյուրերին ներկայացրել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ ինքնիշխան տարածք ներթափանցելու արդյունքում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև կարևորել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորման անհրաժեշտությունը։