ԱՄՆ-ն 64 մլն դոլար կհատկացնի Աֆղանստանում հումանիտար աշխատանքների իրականացմանը
Միացյալ Նահանգները 64 մլն դոլար կհատկացնի Աֆղանստանին հումանիտար օգնություն տրամադրելու համար: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին երկուշաբթի հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Լինդա Թոմաս Գրինֆիլդը՝ տեսակապով ելույթ ունենալով Աֆղանստանի հարցով դոնորական համաժողովի ժամանակ:
«Այսօր հպարտությամբ հայտարարում եմ, որ ԱՄՆ-ն մոտ 64 մլն դոլար կտրամադրի հումանիտար օգնության նոր տրանշի շրջանակում: Այդ գումարը կաջակցի ՄԱԿ-ի աշխատանքին, այդ թվում՝ փախստականների գործով գերագույն հանձնակատարի վարչության, Առողջապահության համաշխարհային կազմակերպության, ինչպես նաև այլ ոչ կառավարական կառույցների աշխատանքին»,- ասել է նա:
Դիվանագետն ընդգծել է թալիբների հայտարարությունը ՄԱԿ-ի հումանիտար աշխատանքների անվտանգությունն ապահովելու պատրաստակամության մասին: «Սակայն միայն խոսքերը քիչ են, մենք դատելու ենք գործերով»,- հավելել է դիվանագետը: