ՀԱՊԿ համատեղ նիստի մասնակիցները կընդունեն մոտ 20 փաստաթուղթ
Արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 15-ին Դուշանբեում: Համատեղ նիստի արդյունքում նախատեսվում է ընդունել ավելի քան 20 փաստաթուղթ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Տաջիկստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության վարչությանը:
Նշվում է, որ համատեղ նիստը վարելու է Տաջիկստանի արտաքին գործերի նախարար Սիրոջիդին Մուխրիդդինը:
Համատեղ նիստին ընթացքում տեղի կունենա մտքերի փոխանակում ՀԱՊԿ հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմաքաղաքական իրավիճակի վերաբերյալ: Պատվիրակությունների ներկայացուցիչները կքննարկեն Հավաքական անվտանգության խորհրդի նիստի որոշումների կատարման եւ գերակա ոլորտների իրականացման Գործողությունների պլանի իրականացման առաջընթացը:
Նիստի մասնակիցները կլսեն ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի զեկույցը` տաջիկաֆղանական սահմանի ամրապնդմանն ուղղված ՀԱՊԿ նպատակային միջպետական ծրագրի նախագծի եւ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի զեկույցը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության ընթացքում գործունեության առաջնահերթ ոլորտների վերաբերյալ: