Գորիսի համայնքապետի ՔՊ-ական թեկնածուն ընտրվել է, նա պետք է կրի «հեղափոխության արժեքները». ըստ Արմեն Խաչատրյանի՝ իշխող ուժը հաղթելու է. Սպուտնիկ Արմենիա
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կմասնակցի հոկտեմբերի 17-ին նախատեսված ՏԻՄ ընտրություններին և բոլոր համայնքներում կառաջադրի ավագանու թեկնածուների։ «Սպուտնիկ Արմենիա»-ի հաղորդմամբ՝ իրենց հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:
Աղբյուրի հետ զրույցում Արմեն Խաչատրյանն ասել է՝ թեկնածուների առաջին համարների մեծ մասի անունները դեռ քննարկումների փուլում են, բայց արդեն ընտրել են Գորիս համայնքի ղեկավարի թեկնածուին։
«Թեկնածուն պետք է կրի հեղափոխության արժեքները, պետք է լինի լավ վարչարար, կառավարիչ, նրա մասնագիտական ունակությունները պետք է բավարար լինեն, որ կարողանա կառավարել համայնքը», - ասել է Խաչատրյանը։
Խաչատրյանը նշել է, որ իրենք Գորիսում անցկացրել են սոցհարցումներ, քննարկումներ: «Վստահ եմ, որ իշխող ուժի թեկնածուն այս ընտրություններում հաղթելու է։ Ես նույնքան վստահ եմ եղել ԱԺ ընտրությունների առումով, և այդպես էլ եղավ։ Այն ժամանակ ես պնդել եմ, որ մենք անպայման հաղթելու ենք Սյունիքի մարզում, այդպես էլ եղավ։ Հիմա էլ եմ կրկնում, որ ՏԻՄ իշխող ուժը հաջողության է հասնելու Գորիսում»,–ասել է նա։