Թալիբները թույլատրել են շարունակել քաղաքացիների տարհանումը օգոստոսի 31-ից հետո
«Թալիբան» ծայրահեղական շարժումը, որն օգոստոսի կեսերից զավթել է իշխանությունն Աֆղանստանում, թույլատրել է օգոստոսի 31-ից հետո էլ շարունակել քաղաքացիական բնակչության տարհանումը Քաբուլից:
Ինչպես փոխանցում է Gazeta.ru-ն՝ հղում անելով շարժման պաշտոնական ներկայացուցիչ Զաբիուլլահ Մուջահիդին: «Մենք խնդիր չունենք խաղաղ բնակիչների հետ»,- ասել է վերջինս:
Թալիբների ներկայացուցչի խոսքով՝ Քաբուլի նոր կառավարությունը բազմիցս զգուշացրել է քաղաքի բնակիչներին և ամերկացիներին, որ տարհանումը վտանգավոր է լինելու:
«Մենք ասում էինք ամերիկացիներին, որ իրենց հետ չտանեն խաղաղ աֆղաններին և չենք ստիպել նրանց հեռանալ երկրից»,- մեկնաբանել է Մուջահիդը: Վերջինս օրեր առաջ հայտարարել էր, որ տարհանումը պետք է ավարտվի մինչև օգոստոսի 31-ը, որից հետո տարհանումներ իրականացնելու դեպքում համապատասխան արձագանք կտրվի:
Նշենք, որ նախօրեին մի քանի պայթյուններ են որոտացել Քաբուլի օդանավակայանում, որոնց զոհերի թիվը գերազանցել է 100-ը: Հազաավոր մարդիկ վնասվել են:
Հիշեցնենք, որ թալիբներն ակտիվ գործողությունների էին անցել Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերմանը զուգահեռ՝ օրեցօր նոր քաղաքներ գրավելով, իսկ օգոստոսի 15-ին մտել են Քաբուլ: Ժամեր անց երկրի նախագահ Աշրաֆ Ղանին հրաժարական է ներկայացրել և հեռացել երկրից: