Ֆուկուսիմայի ոչնչացված ատոմակայանի օպերատորը նախատեսում է ստորջրյա թունել կառուցել, որպեսզի հսկայական քանակությամբ մաքրված, բայց դեռ ռադիոակտիվ ջուրը կարողանա օվկիանոս թափվել կայանից մոտ 1 կմ հեռավորության վրա
Ֆուկուսիմայի ոչնչացված ատոմակայանի օպերատորը նախատեսում է ստորջրյա թունել կառուցել, որպեսզի հսկայական քանակությամբ մաքրված, բայց դեռ ռադիոակտիվ ջուրը կարողանա օվկիանոս թափվել կայանից մոտ 1 կմ հեռավորության վրա, հաղորդել է AP-ն:
Tokyo Electric Power Company Holdings-ը հայտարարել է, որ հույս ունի ջրի արձակումը սկսել 2023 թվականի գարնանը: TEPCO-ն հայտարարել է, որ գործարանում պետք է հարյուրավոր պահեստային ամբարներ հեռացվեն, որպեսզի տեղ բացվի ԱԷԿ-ը շահագործումից հանելու համար անհրաժեշտ օբյեկտների համար:
Ջրի բացթողման ծրագրի պատասխանատուն՝ Ջունիչի Մացումոտոն ասել է, որ TEPCO-ն ստորջրյա թունել կկառուցի` հորատելով 5-րդ ռեակտորի մոտակայքում ծովի հատակը` նվազագույնի հասցնելու ստորգետնյա հնարավոր աղտոտումը կամ արտահոսքը:
«Ֆուկուսիմա Դայիչիի» գործարանում շուրջ 1000 ամբարներում ռադիոակտիվ ջրի աճող քանակություն է պահվում 2011 թվականից ի վեր, երբ ուժեղ երկրաշարժը եւ ցունամին վնասեցին երեք ռեակտոր:
Ապրիլին կառավարությունը որոշել է հետագա մաքրումից հետո 2023 թվականի գարնանը ջուրը բաց թողնել Խաղաղ օվկիանոս՝ կարգավորող մարմինների կողմից սահմանված անվտանգության չափանիշներին համապատասխան: Գաղափարը բուռն հակազդեցության է արժանացել ձկնորսների, բնակիչների եւ հարեւան երկրների, այդ թվում՝ Չինաստանի եւ Հարավային Կորեայի կողմից: