Հուլիսի կեսերին Արևմտյան Եվրոպայում ջրհեղեղների պատճառ դարձած հորդառատ անձրևները, ամենայն հավանականությամբ, առաջացել են կլիմայի գլոբալ փոփոխության հետևանքով
Հուլիսի կեսերին Արևմտյան Եվրոպայում ջրհեղեղների պատճառ դարձած հորդառատ անձրևները, ամենայն հավանականությամբ, առաջացել են կլիմայի գլոբալ փոփոխության հետևանքով, այս մ,ասին հայտնել են World Weather Attribution (WWA) գիտական ասոցիացիայի գիտնականները:
Գերմանիայից, Բելգիայից, Նիդեռլանդներից, Շվեյցարիայից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից և Մեծ Բրիտանիայից գիտնականները հետազոտություն են անցկացրել, որպեսզի պարզեն, թե որքանով է մարդու կողմից հրահրված կլիմայի փոփոխությունը ազդում ջրհեղեղների պատճառ դարձած անձրևների հավանականության և ինտենսիվության վրա:
Գիտնականները վերլուծել են, թե ինչպես է կլիմայի փոփոխությունն ազդում ամառային սեզոնի առավելագույն օրական տեղումների վրա Գերմանիայի եւ Բելգիայի երկու փոքր շրջաններում, որոնք առավելապես են տուժել են վերջին ջրհեղեղներից:
«Բոլոր առկա տվյալները, ներառյալ ֆիզիկական գործոնները, մեծ տարածաշրջանի դիտարկումները եւ կլիմայի տարբեր տարածաշրջանային մոդելները մեզ վստահություն են տալիս, որ կլիմայի անտրոպոգեն փոփոխությունը մեծացրել է նման երեւույթի հավանականությունն ու ինտենսիվությունը, եւ այդ փոփոխությունները կշարունակվեն գլոբալ տաքացման արագացման պայմաններում»,- ասվում է WWA-ի հաղորդագրության մեջ:
Հուլիսի 12-15-ը Արևմտյան Եվրոպայում տեղացած հորդառատ անձրևները ավերիչ ջրհեղեղների պատճառ են դարձել, մասնավորապես՝ Գերմանիայի արևմուտքում, ինչպես նաև Լյուքսեմբուրգում և Բելգիայի ու Նիդեռլանդների որոշ հատվածներում: Արդյունքում՝ Գերմանիայում մահացել է ավելի քան 180, Բելգիայում՝ 38 մարդ:
Ջրհեղեղները զգալի վնաս են հասցրել ենթակառուցվածքներին` ավերելով շենքեր, կամուրջներ, ճանապարհներ: